Ինչու՞ ընտրել Picsart Academy

Picsart Academy-ի համար առաջնային է կրթել շուկայում բարձր մրցունակություն ունեցող մասնագետների` անկախ նրանց ենթամասնագիտացումից։ Մրցունակ ինժեներ-ծրագրավորողները ստանում են խորքային ինժեներական տեսական և գործնական գիտելիքներ՝ անկախ նրանից, թե մասնագիտանում են Frontend վեբ ծրագրավորման, Backend վեբ ծրագրավորման, Android հավելվածների ծրագրավորման և ցանկացած այլ ենթամասնագիտացման մեջ։

տեսլականը

Ակադեմիայի առաքելությունը

Թե՛ Picsart-ում, թե՛ մի շարք այլ տեղական և միջազգային ընկերություններում ցանկալի աշխատակցի կերպարը ենթադրում է մասնագետի, որը բախվելով գործնական խնդիրներին՝ ի վիճակի է ստեղծագործել և դուրս բերել էֆեկտիվ լուծումներ, նույնիսկ, եթե լուծումը հանդիսանում է նորամուծություն և համացանցում բացարձակ ինֆորմացիա չկա լուծման մասին։ Նման մասնագետներն ի վիճակի են վերլուծել հնարավոր բարդություններն ու սեփական փորձի և/կամ ուղեղի բավարար ճկունության շնորհիվ տալ կոմպլեքս լուծումներ՝ ըստ ընթացիկ պահանջների։

Մենք կենտրոնանում ենք հիմունքային կրթության վրա, մեզ համար կենտրոնական է Computer Science-ը, մենք ահռելի մեծ ներդրում ենք անում ուսանողի գործնական հմտությունների վրա՝ միաժամանակ աշխատելով նրանց նախագծողական և ստեղծարարական մտածելակերպի վրա։ Այս ամենին ավելանում է նաև արդար և անկեղծ մոտեցումը, ըստ որի՝ լավագույն մասնագետը ոչ թե բավարար միավորներ ստացած և արհեստական ժամկետներում ավարտած ուսանողն է, այլ բոլոր դասընթացները գերազանց ավարտած սուպերծրագրավորողը։ Այս է պատճառը, որ մենք անվանում ենք Picsart Academy-ն նոր սերնդի համալսարան։

Ակադեմիայի առանձնահատկությունները

Picsart Academy-ն ունի բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք եզակի են ամբողջ Հայաստանում։ Որպես կրթական ուսումնահետազոտական կենտրոն՝ Ակադեմիան դիրքավորվել է ոչ միայն որպես ֆունդամենտալ կրթության ամենաեռանդուն քարոզողներից ու համապատասխան կրթական հարթակի տրամադրողներից, այլև առաջարկում է գրավիչ այնպիսի պայմաններ ու հնարավորություններ, որոնք բացառիկ են թե՛ բնույթով, թե՛ հոգատարության մակարդակով։

Ամենօրյա դասեր և գործնական սեսիաներ։ Մինչդեռ այլ կրթական կենտրոններում գործում են դասընթացների ֆիքսված գրաֆիկներ շաբաթական սահմանափակ հաճախությամբ, Ակադեմիայում դասերն ու գործնական հանդիպումները կազմակերպվում են ամեն օր։ Մեզ համար չկան հանգստյան օրեր, երբ խոսքը գնում է ուսանողի կարիերայի հաջողության մասին։ Յուրաքանչյուր օր ամենակարևորն է ուսման մեջ։

Ընթերցանության սեսիաներ։ Հանձնարարվող ընթերցանության նյութը միշտ շատ է և հաճախ ուսանողները ծանրաբեռնված են և մեր իսկ վստահության համար ուսանողների համար կազմակերպվում են առանձին ընթերցանության օրեր, որի ավարտին ուսանողները հանձնում են նախապես մշակված թեստ՝ ընթերցանության արդյունքները ստուգելու համար։

Ուսումնական հստակ գործընթացներ։ Երկար տարիներ անց մեզ վերջապես հաջողվեց ստանալ այնպիսի կրթական նորարար մոդել, որի միջոցով հստակ բաշխված են բոլոր միջոցառումների օրերը, այդ թվում՝ քննությունները, թեստերը, լեկցիաները, գործնականները, և այլ հանդիպումները։ Ուսանողները ստանում են օրացույց և հստակ գիտեն, թե ամբողջ տարվա ընթացքում որ օրը ինչ է կազմակերպվում։

Քննական բարձր անցողիկ շեմ։ Անցողիկ շեմը բարձր է, որովհետև Ակադեմիան հավատարիմ է իր արժեքներին և բացառում է կեղծ կրթությունը։ Մեզ համար կարևորագույն է թեմայի ամբողջական յուրացումը՝ առանց բացթողումների։ Ակադեմիայում գերազանց արդյունքը համարվում է բավարար արդյունք։ Շրջանավարտներն ավարտելով Ակադեմիան և մուտք գործելով ոլորտ՝ ներկայացնում են խորը հիմունքային կրթություն ստացած, գործնական հմտություններով հարուստ սկսնակ մասնագետներ, որոնք շատ դեպքերում չեն զիջում ոլորտում աշխատող նույնիսկ փորձառու ծրագրավորողներին։ Նման արդյունքի հասնում ենք միայն հետևողական, խիստ և ամբողջական կրթության արդյունքում։

Անհատական խորհրդատվություն։ Յուրաքանչյուր ուսանողի հաջողությունը մեզ համար կարևոր է, իսկ ուսանողները հաճախ բախվում են բարդությունների, թե՛ ուսման ընթացքում, թե՛ անցողիկ քննությունները հաղթահարելիս։ Սթրեսը, լարվածությունը, ոլորտը ամբողջությամբ չպատկերացնելը, տեխնոլոգիայի կամ լեզվի հարցում չկողմնորոշվելը և շատ այլ հարցերի համար՝ Ակադեմիայի անձնակազմը միշտ բաց է հանդիպելու, խորհրդակցելու և աջակցելու։

Մենթորների տրամադրում։ Այն ուսանողները, ում մոտ նկատվում է հարգելի պատճառներով ցածր արդյունավետություն, կցվում են մենթորների, ովքեր լինելով նույն դասընթացներն անցած ավագ ուսանողներ՝ ուղղորդում և հետևողականորեն աշխատում են սկսնակների հետ՝ օգնելով հաղթահարել բարդությունները կամ արագ լրացնել բացթողումները։

Դասախոսի օգնականներ։ Ակադեմիայում երկար ժամանակ գործում էր դասախոսների օգնականների մոդելը՝ ըստ որի, ավագ ուսանողները մի շարք քննություններ հանձնելով և դրսևորելով նախաձեռնողականություն, ստանձնում էին դասախոսի օգնականի դերը։ Այժմ նման դերը դարձել է Ակադեմիայի պաշտոնական հաստիքներից և մեր շրջանավարտներն ըստ ցանկության կարող են միանալ Ակադեմիայի թիմին, որպեսզի տեխնիկական բոլոր թեմաներով աջակցեն մեր բոլոր ուսանողներին։ Դասախոսի օգնականներն օգնում են յուրացնել նյութերը, կիսվում են սեփական փորձով և կազմակերպում են ինտենսիվ գործնական հանդիպումներ։

Միջավայր։ Ակադեմիայի միջավայրը և մթնոլորտը յուրահատուկ են։ Այստեղ երկուշաբթին և կիրակին միանման են նրանով, որ համախմբում են ուսումնատենչ ուսանողներին մեկ նպատակի շուրջ։ Այցելելով Ակադեմիա՝ կարող եք տեսնել, թե ինչպես է միջավայրը եռում կոդի, խնդիրների, դասերի շուրջ քննարկումներով, Lab-ի խնդիրների ու նախագծերի իրականացման վրա աշխատող ուսանողների գերլարված և նպատակսլաց հայացքներով։

Նյութի վերանայումներ։ Եթե ուսանողը չի հաղթահարել քննության և վերաքննության անցողիկ շեմը, ապա լքում է խումբը, բայց ըստ ցանկության կարող է միանալ ցածր խմբի, որտեղ իր կողմից բաց թողնված թեման կամ թեմայի բացերը կարող է լրացնել՝ կրկին մասնակցելով դասընթացի նույն կտորին։ Մեզ համար կարևոր է, որ ուսանողը ոչ թե արհեստական սահմանված ժամկետներով ավարտի ինչ-որ դասընթաց կամ դրա կտորը, այլ ամբողջությամբ յուրացնի նյութը, նույնիսկ եթե դա պահանջում է մի քանի անգամ կրկնել նույն կտորը։

Ձայնագրվող լեկցիաներ։ Բոլոր լեկցիաները ձայնագրվում են և տրամադրվում Ակադեմիայի ուսանողներին։ Սա բացառիկ հնարավորություն է ոչ միայն կրկնել նյութը, այլ վստահ լինել որակի վերահսկման հարցում։ Ուսանողներն ըստ ցանկության կարող են ստանալ բոլոր դասընթացների ձայնագրությունները, որոնք ըստ ցանկության լրացուցիչ կարող են դիտել ընթացիկ դասերին մասնակցելու հետ մեկտեղ։

Կրթաթոշակներ պատերազմի մասնակիցներին։ Արդեն երեք տարի է ինչ Picsart Academy-ն տրամադրում է մինչև 100% կրթաթոշակ պատերազմի մասնակից ուսանողների համար։ Սա գործում է ռոտացիոն սկզբունքով, ինչը պարտադրում է կրթաթոշակը պահպանել լավ առաջադիմություն ցուցաբերելով։

Ինտենսիվ պրակտիկայի սեսիաներ։ Գործնական առաջադրանքներն այնքան կարևոր են, որ Ակադեմիայում գործում է ոչ միայն Code Republic Lab-ը, այլ յուրաքանչյուր դասընթացին զուգահեռ ուսանողները մասնակցում են պրակտիկայի հանդիպումներին առնվազն շաբաթական երկու անգամ։ Նման մոտեցումը եզակի է ՏՏ կրթական աշխարհում, երբ լեկցիաներից զատ ուսանողները մասնակցում են լրացուցիչ գործնական դասերի։

Պրակտիկայի ընդլայնված ծրագրեր (internship)։ Պրակտիկայի ծրագրերը գործում են ոչ միայն ընտրված նախագծի կամ տեխնոլոգիայի ուղղվածությամբ, այլև գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքների արդյունքում։ Ուսանողները հնարավորություն ունեն մասնակցել գործընկեր կազմակերպության պրակտիկայի ծրագրին, չլքելով Ակադեմիան, մինչև ավարտելն ու աշխատանքի առաջարկ ստանալը։

Համագործակցություն բազմաթիվ գործընկեր կազմակերպությունների հետ։ Չնայած Picsart Academy-ի հավատարիմ և առանցքային գործընկերը Picsart ընկերությունն է, Ակադեմիան բաց է համագործակցության համար բոլոր այլ ընկերությունների հետ։ Մենք ունենք համագործակցության մեծ փորձ բազմաթիվ մեծ և փոքր կազմակերպությունների հետ, ինչի արդյունքում մեր շրջանավարտներն այդ ընկերություններում արդեն փորձառու աշխատակիցներ են։

Ելույթներ, փորձի փոխանակում ոլորտի առաջատարների հետ։ Մենք հաճախ կազմակերպում ենք ելույթներ ոչ միայն մեր նախկին ուսանողների մասնակցությամբ, այլ նաև ոլորտի առաջատարների հետ։ Վերջիններս իրենց հարուստ փորձն ու ֆունդամենտալ կրթության կարևորությունը փոխանցում են մեր ուսանողներին՝ հնարավորություն տալով ստանալ ամենահուզող հարցերի պատասխաններն հաջողակ ընկերությունների ղեկավարների կողմից։

Հստակ ճանապարհային քարտեզ։ Ակադեմիայում ուսանողները ստանում են հստակ ճանապարհային քարտեզ, որն անկեղծ է, ուղիղ և նպատակ ունի լուսավորել ոլորտի թաքնված անկյուններն ու շտկել շուկայում երկար տարիներ ծառացած կրթական թյուրիմացությունները։

Ինժեներական մշակույթ։ Ակադեմիայում գործում է ինժեներական, պրպտող և ստեղծարարների մշակույթ։ Այն երբեք ժամանցի վայր չի եղել և ցանկացած ուսանող, գտնվելով Ակադեմիայում, զբաղվում է կրթական կարևոր նշանակություն ունեցող զբաղմունքներով՝ լինի դա ընթերցանություն, կոդ գրել, խնդիրներ լուծել, դասերին հաճախել, թե օգնել և քննարկել տեխնիկական թեմաները դասընկերների հետ։

Ընթերցասրահ-գրադարան։ Մենք ամիս առ ամիս համալրում ենք ընթերցասրահ-գրադարանը նոր և օգտակար գրքերով, որոնցից ազատ օգտվում են մեր ուսանողները, իսկ շրջանավարտները նվիրում նոր գրքեր և թողնում իրենց հետքը Ակադեմիայում։

Խիստ հետևողականություն։ Ամենակարևոր և կրթության ասպարեզում առանցքային գործոնը կրթական ադմինիստրատիվ թիմի խիստ վերահսկողությունն է։ Ակադեմիայում դասախոսը նաև մենթորն է, որն ուղղորդում է ուսանողներին մարտահրավերների հաղթահարման ընթացքում, պրակտիկայի օգնականը լավագույն դասընկերն է, ով պատրաստակամ պատասխանում է ծառացած հարցերին։ Ամբողջ անձնակազմի գերնպատակը ուսանողի ժամանակի օպտիմալ օգտագործումն է։

Հոգատարություն։ Ցանկացած հարցով և ցանկացած իրավիճակում կրթական ադմինիստրատիվ աշխատակազմը պատրաստակամ է մեկնել օգնության ձեռքը։ Մենք բազմիցս վերսկսել ենք նոր դասընթացներ նույնսիկ շատ փոքրաքանակ խմբի համար, որպեսզի աջակցենք հարգելի պատճառներով դասերից հետ ընկած մեր սիրելի ուսանողներին։ Մենք անհատական կրթել ենք ուսանողներին, որոնք ընկճվել են նյութի յուրացման բարդությունից։ Հոգատարությունը հատուկ է Ակադեմիայի բոլոր աշխատակիցների համար և նոր աշխատակից ընտրելիս՝ առաջնային ենք համարում հենց հոգատարությունը։

Կյանքն Ակադեմիայում

Կյանքն ակադեմիայում եռում է, աշխատանքային սրահում ուսանողները զբաղվում են քննարկումներով, տնային հանձնարարություններով, իսկ երբեմն նույնիսկ փորձում են լուծել խնդիրներ, որոնք առաջարկվել են դասընկերների կողմից։ Երբ լսարաններն ազատ են, հաճախ կարող եք նկատել ուսանողների խմբերի, որոնք ինքնուրույն կազմակերպում են հանդիպումներ, դասերի վերանայումներ կամ այլ ուսումնական քննարկումներ։ Ուսանողներն ու անձնակազմը հոգատար են եւ ուշադիր միմյանց հանդեպ։ Ակադեմիայի մշակույթը մեծ առաջնահերթություն է տալիս միասնական աշխատանքին ու թիմային ոգուն։

Ակադեմիայում հաճախ կազմակերպվում են սեմինարներ ու կոնֆերանսներ, որտեղ ելույթ են ունենում հրավիրված հյուրեր, ակադեմիայի նախկին եւ ներկա ուսանողներ։ Նորեկների համար շատ կարևոր է նման սեմինարների ու կոնֆերանսների մասնակցությունը, քանի որ հաճախ դիտարկվում են նաև մասնագիտական աճին նպաստող բազմաթիվ թեմաներ՝ ոլորտի լավագույն ներկայացուցիչների կողմից։ Ժամանակ առ ժամանակ նաև կազմակերպվում են մրցույթներ, օլիմպիադաներ, հաքաթոններ եւ կոդային մարաթոններ։ Մրցույթների ժամանակ տարբեր խմբերի ուսանողներ մրցում են՝ լուծելով խնդիրներ կամ հնարավորինս արագ ավարտելով կոդային հանձնարարությունները։ Հաքաթոնների ժամանակ ուսանողները կազմում են խմբեր եւ փորձում սահմանված ժամանակահատվածում իրականացնել նախագծեր։

Այս փուլում և ընդհանրապես Lab-ի R&D բաժնում մոտեցումն ավելի խիստ է և պահաջնում է մասնակցից ինքնուրույնություն և պատասխանատվության բարձր զգացողություն։ Թերի կատարված աշխատանքի, պարբերաբար բացակայությունների դեպքում մասնակիցը լքում է Lab-ը։

Ձեռքբերումներ և նվաճումներ

Բազմաթիվ ձեռքբերումներն ու նվաճումները առանձնացնում են Picsart Academy-ն կրթական շուկայում։ Մենք, դիրքավորվելով որպես նոր սերնդի համալսարան, պարզ ենք, անկեղծ և թափանցիկ։ Մեր նպատակներից առաջնայինն է քարոզել ֆունդամենտալ կրթության կարևորությունը և անձնվիրաբար աշխատել՝ ուսումնահետազոտական հարթակը տրամադրելու համար։ Սա է այն միջոցը, որը հնարավորություն է տալիս դիմորդին դառնալ ուսանող, հասկանալ և բախվել մարտահրավերներին, գտնել լուծումներ, զարգացնել հմտությունները, զարգացնել կրիտիկական մտածելակերպը, ամրացնել կամքի ուժը, դաստիարակել աշխատասիրությունը և ստանալ հիմունքային կարևորագույն գիտելիքները, որոնք տասնամյակներ կծառայեն ամուր կարիերայի ստեղծման համար։ Մենք չենք թաքցնում մեր անհաջողությունները, մենք կարևորում ենք մեր սխալները, որի շնորհիվ զարգանում ու կատարելագործվում ենք ոչ թե տարի առ տարի, այլ օրեցօր, իսկ բոլոր ձեռքբերումներն ու նվաճումները արդեն չենք հասցնում թվարկել. ծանոթացեք ամենահիշվողներին այս հղումով։