ATLAS

Atlas-ը նորարարական կրթական մոդել է, որի նպատակը բացարձակ սկսնակներից մրցունակ և բարձրորակ ինժեներ-ծրագրավորող կերտելն է։

Futuristic digital landscape with floating islands labeled 'Computer Science', 'Land of Fundamentals', and 'Harbor of Mastery', surrounded by spaceships, floating text messages, and digital towers.
Լավագույն ծրագիրը
13 + 5 ամիս

Այս մոդելը ստեղծվել է՝ համադրելով Ակադեմիայի կրթական հարուստ փորձը, IT աշխարհի և աշխատաշուկայի ակտիվ փոփոխություններն ու նորանոր պահանջները, AI և ML օրեցօր զարգացող հաջողությունները և սկսնակ ծրագրավորողների առջև ծառացած մարտահրավերների դեմ պայքարելու բանաձևերն ու մոտեցումները։ Ուսանողները սովորում են ոչ միայն ֆունդամենտալ թեմաները, այն է՝ Computer Science-ը և համապատասխան ենթաբաժինները, այլև ստանում են Soft հմտություններ և կերտում են իրենց պորտֆոլիոն՝ պարտադիր մասնակցելով Code Republic Lab-ի նախագծերին։

Atlas-ի կարևոր առանձնահատկություններից է կրթական ադմինիստրատիվ թիմի կողմից ուսումնական գործընթացի խիստ վերահսկումը։ Ըստ Atlas հատուկ ծրագրի և կրթական մոդելի՝ ուսանողները չեն ստանում տնային հանձնարարություններ, այլ կատարում են բոլոր առաջադրանքներն անմիջապես Ակադեմիայում՝ կրթական և ադմինիստրատիվ թիմի վերահսկողության ներքո։ Սա իհարկե չի կանխում լրացուցիչ հանձնարարությունների տրամադրումը, որոնք ուսանողները ստանում և կատարում են ըստ ցանկության կամ լրացուցիչ ժամանակի առկայության դեպքում։ Կրթական թիմը պահում է խիստ վերահսկողություն օրական պահանջվող չորս ժամի շրջանակներում։ Սա մեզ հնարավորություն է տալիս երաշխավորել ուսանողի առաջադիմությունը և հետևողականորեն վերահսկել մասնակցությունը դասընթացին։ Լավագույն ինժեներ-ծրագրավորող դառնալու համար՝ անհրաժեշտ է ջանասիրաբար և քրտնաջան աշխատել բավական երկար ժամանակ, իսկ մեր ուսանողների առաջադիմությունն ու կարիերայի հաջողությունը մեզ համար առաջնային է։ Ամբողջ ծրագրի ընթացքում, որի տևողությունը 13 ամիս է` առանց մասնագիտացման ընտրության և 18 ամիս` մասնագիտացման հետ մեկտեղ, ուսանողները յուրաքանչյուր ամիս ունենում են ընդամենը մեկ հանգստյան օր։

Ինչու՞ ընտրել Atlas

Չնայած Atlas-ում ամբողջական կրթություն ստանալը տևում է 18 ամիս, Atlas ընտրելով դիմորդը երաշխավորում է բարձրորակ ինժեներ-ծրագրավորող դառնալը՝ հետագայում ապահովելով կայուն աճող կարիերա։ Atlas-ը խնայում է ուսանողի ժամանակը՝ միաժամանակ տրամադրելով խորացված հիմունքային կրթություն։ Atlas-ի ծրագրով անցկացվող դասընթացները բազմաբովանդակ են, հիմունքային և լրացնում են լավագույն ինժեները դառնալու համար անհրաժեշտ տեսական և գործնական բոլոր թեմաները։

Մասնակցելով Atlas-ին՝ ուսանողները ստանում են ամբողջական կրթություն և այն ավարտելով կհաղթահարեն ցանկացած տեխնիկական հարցազրույց։ Հաճախ ոլորտից անտեղյակ լինելով՝ դիմորդները նախընտրում են միայն սովորել այդ պահին շուկայում շոշափվող ծրագրավորման լեզու, իսկ անմիջապես աշխատանքային հարցազրույցին պարզում, որ ունեն գիտելիքների մի շարք բացեր, ինչպես օրինակ՝ ալգորիթմներից, տվյալների կառուցվածքներից, համակարգչային ցանցերի հիմունքներից, բազմահոսք ծրագրավորման հիմունքներից, օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման մոտեցումներից և այլն։ Ձախողելով հարցազրույցը՝ թեկնածուն փորձում է կիսատ-պռատ լրացնել բացերն առցանց կամ լսարանային այլ դասընթացների մասնակցելով, որը ոչ միշտ է բերում անհրաժեշտ արդյունքի, քանզի ոլորտի մասին ոչ ամբողջական պատկերացումը հնարավորություն չի տալիս հասկանալ առարկաների կարևորությունը, ճիշտ հերթականությունը կամ նույնիսկ գտնել շուկայում տվյալ պահին լավագույն կրթական կենտրոնը, որը կծածկի ինժեներ-ծրագրավորող դառնալու անհրաժեշտ բոլոր բաց թեմաները։

Atlas-ի կրթական ծրագիրը ամբողջությամբ լուծում է վերոնշյալ խնդիրը՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ դասընթացները՝ ճիշտ հերթականությամբ և ամբողջ խորությամբ։ Սա բացառիկ հնարավորություն է ստանալ համալսարանական կրթություն՝ շատ ավելի կարճ ժամանակահատվածում և շատ ավելի հոգատար ու պրակտիկ թիմի կողմից։

Atlas-ի փուլերը

1
Land of Fundamentals
2
Sea of Systems
3
Harbor of Mastery
3 մեծ փուլ

Atlas-ի փուլերի մանրամասները

Փուլ 1. Land of Fundamentals (6 ամիս)

Atlas ծրագրի առաջին փուլը կոչվում է Land of Fundamentals, որովհետև 6 ամիս տևող ամբողջ փուլը նվիրված է համակարգչային համակարգերի հիմունքներին։ Մենք կարևորում ենք համակարգչային համակարգերի հիմունքները, որովհետև բոլոր այն առարկաները, որոնք ուսանողներն անցնելու են այս փուլի ընթացքում, ընկած են ծրագրային ապահովման ստեղծման ամենաէֆեկտիվ մեթոդների հիմքում։ Առանց հիմունքների ուսումնասիրության ոչ միայն դժվար է ստեղծել հաջորդ սերնդի համակարգերը, այլև ընկալել և ընդլայնել գոյություն ունեցող լավագույն գործիքներն ու ծրագրային համակարգերը։ Land of Fundamentals փուլի ընթացքում ուսանողներն անցնելու են հետևյալ դասընթացները.

  • Աշխատանք Linux միջավայրում (Working in a Linux environment)
  • Համակարգչային ճարտարապետության հիմունքներ (Computer Architecture Fundamentals)
  • C ծրագրավորման լեզու (The C Programming Language)
  • Համակարգչային ցանցեր և ցանցային ծրագրավորում (Computer Networks and Network Programming)
  • Համակարգային ծրագրավորում Linux և Windows միջավայրերում (System Programming in Linux and Windows)
  • Բազմահոսքություն (Multithreading)

Այս բոլոր դասընթացները միմյանց հաջորդում են ներդաշնակ կերպով։ Այսպես, ուսանողները սկսում են համակարգչային հիմունքների ներածությունով, թաթախվում Linux միջավայրում անհրաժեշտ նվազագույն աշխատանքային հիմունքների մեջ, ծանոթանում C ծրագրավորման լեզվին, խորանում համակարգչային ճարտարապետության հիմունքների մեջ՝ շարունակելով զուգահեռ դիտարկել Linux միջավայրի աշխատանքային նրբությունները, լրացնելով C ծրագրավորման լեզվի գիտելիքները, այնուհետև սկսել կիրառել այդ գիտելիքները համակարգչային ցանցերի, ցանցային ծրագրավորման, համակարգային ծրագրավորման մեջ, ընդ որում վերջինս դիտարկելով նաև այլ հանրահայտ՝ Windows օպերացիոն համակարգի միջավայրում։ Փուլն ավարտվում է բազմահոսք ծրագրավորման հիմունքների ուսումնասիրությամբ։

Այս ամենն ուղեկցվում է ինտենսիվ գործնական մարզումներով, որոնց ուսանողները կարող են մասնակցել՝ լրացուցիչ միանալով Code Republic Lab-ի Bootcamp-ին կամ կենտրոնանալով անմիջապես Atlas ծրագրի շրջանակում պարտադիր մարզումների վրա, որոնց թվում են.

  • Բազային մաթեմատիկայի կիրառությունը՝ խնդիրներ լուծելու համար
  • Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ
  • Խնդիրների լուծման հնարքներ և հմտություններ
  • Build Automation
  • Git and GitHub

Վերջապես, այս վեց ամիսների ընթացքում ուսանողները մասնակցում են մեկ և ավել փոքր և միջին նախագծերի իրականացմանը։ Այս փուլն ավարտելուց հետո, տեսական խորքային գիտելիքներով և գործնական ճկուն հմտություններով, ուսանողները պատրաստ են գրավել բարձր մակարդակի աշխարհը։ Այսպիսի մեծ հիմքով ուսանողների համար բարձր մակարդակի լեզու սովորելը շաբաթների, միգուցե նաև օրերի հարց է։

Փուլ 2. Sea of Systems (7 ամիս)

Մինչդեռ առարկաները, որոնք դասավանդվում են Sea of Systems փուլի ընթացքում, այլ կրթական կենտրոններում մատուցվում են իբրև սկզբնական, ըստ Atlas-ի և Picsart Academy-ի փիլիսոփայության՝ բացարձակ անիմաստ է սկսել ծրագրավորման ուսուցումը բարձր մակարդակի լեզվից, այն էլ՝ անգիր անելով աբստրակտ և շատ դեպքերում անհասկանալի կոնցեպտները։

Թեմաները, որոնց ուսանողները բախվում են բարձր մակարդակի լեզուներ ուսումնասիրելիս՝ պահանջում են շատ լավ զարգացած աբստրակտ մտածելակերպ, այլապես հնարավոր չէ պատկերացնել՝ ինչ է կլասը, closure-ը, լամբդա արտահայտությունը, stack և heap հիշողության տիրույթները և այլ հասկացություններ, որոնց բարձր մակարդակի լեզվի ուսուցման ընթացքում ոլորտից անտեղյակ և երբեմն թեմաների քանակի մեջ մոլորված սկսնակները բախվում են։ Շատ են դեպքերը, երբ սկսնակները չեն ստանում իրենց հարցերի պատասխանները, որովհետև համացանցում կամ ուսումնական հաստատություններում չի մատուցվում, թե ինչպես են այդ հասկացություններն ու կառուցվածքներն աշխատում ցածր մակարդակում, թե ինչ է կատարվում, երբ ստեղծում եք կլասի օբյեկտ, թե ինչ է տեղի ունենում հիշողության հետ closure-ի բախվելիս, թե ինչպես են իրականացվում լամբդա արտահայտությունները, թե ինչ են իրականում ներկայացնում հիշողության Stack և Heap կոչվող տիրույթները։ Atlas-ի ուսանողներն անզեն աչքով թվում են գերբնական ունակություններով ինժեներներ, որովհետև առանց որևէ բարդության արագորեն ընկալում են այս բոլոր և մնացած կառուցվածքներն ու հասկացությունները, որովհետև արդեն ստացել են ամուր ու ամբողջական հիմունքային գիտելիքներ, որոնց վրա կառուցում են նոր հմտություններ։

Sea of Systems փուլի ընթացքում ուսանողներն ընտրում են մեկ կամ մի քանի բարձր մակարդակի ծրագրավորման լեզուներ՝ խորացված ուսումնասիրելու համար։ Ուսանողները կարող են ընտրել C++, Java, Kotlin, JavaScript, Python, Swift լեզուներից մեկը կամ մի քանիսը՝ ըստ ցանկության։ Ծրագրավորման լեզվի ուսումնասիրությունը առավելապես օգտակար է անմիջապես նախագծերի վրա կիրառման, ինչպես նաև ծրագրային ապահովման նախագծման կարևոր բաղկացուցիչների և մոտեցումների ուսումնասիրության հետ մեկտեղ։ Այդ է պատճառը, որ Atlas-ի երկրորդ փուլում սկսնակներն անցնում են հետևյալ դասընթացները.

  • Ընտրված ծրագրավորման լեզվի խորացված դասընթաց
  • Օբյեկտ-կողմնորոշված վերլուծություն և նախագծում (Object-Oriented Analysis and Design)
  • Ծրագրավորման պարադիգմաների ներածություն (այդ թվում՝ ֆունկցիոնալ ծրագրավորում և մետածրագրավորում) (Programming Paradigms)
  • Ընտրված ծրագրավորման լեզվի ստանդարտ գրադարանի տարրերն ու իրականացման դետալները (The Standard Library and Its Implementation Details)
  • Տվյալների մոդելավորում և տվյալների ճարտարապետություն (Data Modeling and Data Architecture)
  • Նախագծման շաբլոններ (Design Patterns)
  • Ծրագրային ապահովման նախագծում (Software Design)

Այս բոլոր դասընթացները միմյանց հաջորդում են ներդաշնակ կերպով։ Այսպես, ուսանողները սկսում են համակարգչային հիմունքների ներածությունով, թաթախվում Linux միջավայրում անհրաժեշտ նվազագույն աշխատանքային հիմունքների մեջ, ծանոթանում C ծրագրավորման լեզվին, խորանում համակարգչային ճարտարապետության հիմունքների մեջ՝ շարունակելով զուգահեռ դիտարկել Linux միջավայրի աշխատանքային նրբությունները, լրացնելով C ծրագրավորման լեզվի գիտելիքները, այնուհետև սկսել կիրառել այդ գիտելիքները համակարգչային ցանցերի, ցանցային ծրագրավորման, համակարգային ծրագրավորման մեջ, ընդ որում վերջինս դիտարկելով նաև այլ հանրահայտ՝ Windows օպերացիոն համակարգի միջավայրում։ Փուլն ավարտվում է բազմահոսք ծրագրավորման հիմունքների ուսումնասիրությամբ։

Իհարկե, այս բոլոր դասընթացները զուգակցվում են անմիջապես Atlas-ում կամ Lab-ում կազմակերպվող գործնական ինտենսիվ նախագծերին մասնակցելով, մասնվորապես՝ դիտարկվում են.

  • Միջին և մեծ նախագծերի իրականացում
  • Sense of User Experience (ծրագրային ապահովման ինտերֆեյսի մշակման բազային հմտություններ)
  • Թիմային նախագծերի աշխատանք (շեշտադրելով անմիջապես թիմային աշխատանքը, որտեղ ուսանողները բաշխվում են ըստ դերերի)
  • Ծրագրային ապահովման ճարտարապետության և նախագծման գործնական սեսիաներ

Փուլ 3. Harbor of Mastery (5 ամիս)

Կարևոր է պատկերացնել համակարգչային գիտության և ծրագրային ապահովման ստեղծման ամբողջական պատկերը՝ նախքան մասնագիտացում ընտրելը։ Մինչդեռ առաջին փուլի ընթացքում ուսանողները ծանոթանում և խորանում են հիմունքային թեմաների մեջ, ապա երկրորդ փուլի ընթացքում խորացնում գիտելիքները բարձր մակարդակի ծրագրավորման միջավայրում, իսկ երրորդ և վերջին փուլը նվիրված է մասնագիտացումներին։ Անկախ նրանից, թե ծրագրավորողն ինչ մասնագիտացում է ընտրել, խիստ կարևոր է հաղթահարել առաջին երկու փուլերը։ Կան մասնագիտացման մեջ խորացած փորձառու ծրագրավորողներ, ում մոտ բացակայում է կամ թերի է հիմունքային կրթությունը, ինչի հետևանքով ստիպված են խուսափել մի շարք նախագծերից, որոնց իրականացումը թեկուզ չնչին դուրս է գալիս ստանդարտներից։ Օրինակ՝ հիմունքային կրթության բացերը ստիպում են խուսափել կամ հանձնվել, իսկ լավագույն դեպքում՝ շատ երկար չարչարվել այնպիսի նախագծերի վրա, որոնք ներառում են պատկերների ճանաչում և մշակում, եռաչափ խաղերի ծրագրավորում, ձայնի և տեքստի խորը մշակում և այլն։ Այսինքն՝ չկա որևէ բարդություն ստեղծել Web API, մշակել տվյալներն՝ օգտվելով պարզ ինտերֆեյսով տվյալների բազայից, իրականացնել կոդի ոչ բարդ տրամաբանություն, բայց բարդ է կամ անհնար ստեղծել, օրինակ՝ սեփական Spotify, Zoom, Google Search և հորինել տվյալների նոր բազա, տվյալների մշակման նոր գործիքներ և այլն։

Այս պահին Ակադեմիայում կազմակերպվում են հետևյալ մասնագիտացումները.

  • Frontend վեբ ծրագրավորում
  • Backend վեբ ծրագրավորում
  • Android հավելվածների ծրագրավորում
  • iOS հավելվածների ծրագրավորում

Մասնագիտացումներից յուրաքանչյուրում ուսանողները ոչ միայն խորանում են անհրաժեշտ գործիքների, տեխնոլոգիաների, API-ների ու SDK-ների մեջ, այլև ակտիվ կիրառում են նախորդ փուլերի ընթացքում ձեռք բերված գիտելիքները։ Այդ թվում՝ էֆեկտիվորեն կիրառում են ցանցային ծրագրավորման, բազմահոսք ծրագրավորման, օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման, ալգորիթմների, տվյալների կառուցվածքների և այլ դասընթացներից ստացած գիտելիքները։

Ինտենսիվ պրակտիկա Lab-ում

Atlas-ի ուսանողներն առաջին փուլից սկսած կարող են մասնակցել Code Republic Lab-ում կազմակերպվող ինտենսիվ պրակտիկայի ծրագրերին։ Անկախ նրանից, որ անմիջապես Atlas-ի շրջանակներում բացի գործնական աշխատանքներից նաև անցկացվում են պարբերական գերինտենսիվ պրակտիկայի սեսիաներ, ուսանողները կարող են միաժամանակ մասնակցել նաև Lab-ի պրակտիկայի ծրագրերի բոլոր մակարդակներին՝ նախապես հանձնելով ընդունելության քննությունները և, իհարկե, խիստ հետևելով Lab-ի ծանրաբեռնված և խիստ կանոններին։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

մանրամասներ

Atlas ծրագրի մանրամասները

Ամբողջ ծրագրի ընթացքում, որի տևողությունը 13 ամիս է` առանց մասնագիտացման ընտրության և 18 ամիս` մասնագիտացման հետ մեկտեղ, ուսանողները յուրաքանչյուր ամիս ունենում են ընդամենը մեկ հանգստյան օր։

Atlas մոդելով ուսանողներն ամեն օր մասնակցում են դասերի, իսկ դասերը բաժանված են չորս տարբեր օրերի.

Այս պահին Ակադեմիայում կազմակերպվում են հետևյալ մասնագիտացումները.

  • Դասախոսության օր։ Դասախոսության օրն ուսանողները մինչև 60 հոգանոց խմբով մասնակցում են տեսական դասին, որը սկսվում է մեկ ժամանոց հարց-պատասխանով, եթե նախորդ թեմայից դեռևս մնացել են անպատասխան հարցեր։ Հաջորդ երկու ժամը ուսանողները լսում են նոր նյութ, ստանում են ընթերցանության նյութերը և պատրաստվում հաջորդ օրվան։ Միջինում լեկցիան կարող է տևել 1.5–3 ժամ։
  • Գործնականի օր։ Գործնական հանդիպման ընթացքում նախորդ օրվա դասախոսության տրված տեսական նյութն ամրապնդվում է գործնական առաջադրանքներով։ Գործնական հանդիպումը տևում է մինչև 4 ժամ։
  • Ընթերցանության օր։ Տեսական և գործնական օրերից հետո ուսանողները հաճախում են Ակադեմիա՝ տեղում մասնակցելու ընթերցանության սեսիային, որի ավարտին տրվում է թեստ, որը հաջողությամբ հաղթահարելու դեպքում ուսանողները պատրաստվում են հաջորդ օրվան, իսկ թեստը ձախողելու դեպքում ստիպված են նորից ընթերցել տրված նյութը։ Առաջադրանքների և նյութի ամրապնդման օր։
  • Չորրորդ օրը ուսանողներին տրվում են ավելի բարդ հանձնարարություններ, որոնց կատարման համար հատկացվում է հստակ ժամանակ, իսկ ժամանակի ավարտին պրակտիկայի ղեկավարները մանրամասնում են հնարքներն ու մոտեցումները, որոնց միջոցով հնարավոր է առաջադրանքի կատարումը։ Նյութի ամրապնդման համար անցկացվում են նաև մեկ և ավել թեստավորումներ, որոնց հաջորդում են թեստի վերանայման սեսիաները, երբ պրակտիկայի ղեկավարները կամ դասախոսները մանրամասնում են թեստի հարցերի պատասխանները։
  • Հինգերորդ օրը ցիկլը կրկնվում է արդեն նոր թեմայով և շարունակվում նույն հերթականությամբ. դասախոսություն, գործնական, ընթերցանություն, առաջադրանքներ և նյութի ամրապնդում։

Պետք է ֆիքսել, որ յուրաքանչյուր օր ամենակարևորն է նյութի յուրացման համար և ուսանողները պարտավորված են ներկա գտնվել Ակադեմիայում։ Երկու և ավել բացակայությունների դեպքում կամ հանձնարարությունների ոչ պատշաճ կատարելու դեպքում՝ ուսանողը կարող է լքել տվյալ խումբը և սպասել նոր ձևավորվող խմբի (ինչը կախված է նոր ընդունելության ժամկետներից և հաճախ կարող է տևել մինչև 4 ամիս)։

ընթացակարգեր

Atlas-ի կրթական ընթացակարգերը

Լեկցիաները

Ամբողջ ծրագրի ընթացքում յուրաքանչյուր չորրորդ օրը լեկցիայի օր է։ Լեկցիան տևում է միջինում 3 ժամ, բայց կարող է ձգվել մինչև 4 ժամ։ Լեկցիայի ընթացքում դասախոսը փոխանցում է նյութի հիմունքային և առանցքային կտորները։ Սովորաբար յուրաքանչյուր լեկցիա սկսվում է մեկ ժամանոց հարց-պատասխանով, որոշ դեպքերում հարց-պատասխանի համար կազմակերպվում է լրացուցիչ հանդիպում, որը կարող է համընկնել առաջադրանքների և նյութի ամրապնդման հանդիպման օրվա հետ։ Լեկցիայի ընթացքում ուսանողները ներկայանում են տետրերով, որտեղ կատարում են անհրաժեշտ նշումները։ Լեկցիայից հետո տրվում է համապատասխան գրականությունը, որի ընթերցանության համար հատկացված է առանձին օր, սակայն խրախուսվում է Ակադեմիային տրամադրվող օրական առնվազն չորս ժամից ավել ժամանակի առկայության դեպքում՝ ընթերցել և կատարել լրացուցիչ հանձնարարություններ։

Գործնական աշխատանք

Անմիջապես լեկցիային հաջորդում է ընթերցանության օրը կամ գործնական աշխատանքների օրը։ Կախված թեմայից և յուրացման ծանրությունից՝ ընթերցանության և գործնական աշխատանքի օրերը կարող են միաձուլվել։ Գործնական աշխատանքները լեկցիայի թեմայի շրջանակներում ընտրված կարևոր վարժությունների ու խնդիրների կատարումն է՝ ուղղորդված պրակտիկայի ղեկավարի կողմից։ Պրակտիկայի ղեկավարը ներկայացնում է խնդիրը, բացատրում հիմնական դրույթները և տալիս նախապես սահմանված ժամանակ այն լուծելու համար։ Որոշ ուսանողների մոտ արագ է ստացվում լուծելը, որոշների մոտ ընդհանրապես չի ստացվում, ինչը ընկճվելու առիթ չէ, այլ ընդհակառակը՝ պրակտիկայի ղեկավարի նպատակը խնդրի լուծման մոտեցումներն ու ընդհանուր լուծումը դուրս բերելը բացատրելն է։ Տրված ժամանակը լրանալուն պես, պրակտիկայի ղեկավարը կամ ղեկավարները սկսում են բացատրել խնդրի լուծման մոտեցումները, երբեմն՝ կարճ լեկցիա կարդալով տրված թեմայի շուրջ, ցուցադրելով օրինակներ պրոյեկտորի կամ գրատախտակի միջոցով։ Լուծման մոտեցումները բացատրելուց հետո կրկին տրվում է ժամանակ, որպեսզի ուսանողները սկսեն կիրառել մոտեցումները՝ խնդիրը լուծելու համար։ Ուսանողներին խորհուրդ է տրվում կատարել նշումներ, որոնցից կօգտվեն հետագայում՝ կրկնության համար։ Պրակտիկայի ղեկավարը ինքնուրույն որոշում է, թե երբ է խնդիրը համարվում յուրացված և անցնում է հաջորդ խնդրի դիտարկմանը՝ նույն ընթացակարգերով։ Ուսանողների համար կարևոր է հիշել, որ խնդիրը արագ լուծելուց հետո ստիպված են մի փոքր սպասել, որպեսզի իրենց բոլոր դասընկերները ըմբռնեն և կարողանան դուրս բերել խնդրի լուծումը՝ մինչև հաջորդ խնդրին անցնելը։ Սա երբեմն կարող է ձանձրալի թվալ, բայց պետք է հիշել, որ Ակադեմիան բոլորին ցուցաբերում է հավասար վերաբերմունք և ուշադրություն և կարևոր է, որպեսզի բոլոր ուսանողները յուրացնեն նյութը կամ նյութի կտորը՝ մինչև հաջորդ թեմային անցնելը։ Սա, իհարկե, կատարյալ աշխատում է միայն այն դեպքում, երբ ուսանողները չեն բացակայում, ուշադիր են գործնական սեսիաների ընթացքում, չեն շեղվում թեմայից, չեն խանգարում դասընկերներին, լսում են խնդրի բացատրությունը, խստորեն հետևում են պրակտիկայի ղեկավարի հրահագներին։ Հակառակ սցենարները բացառելու նպատակով մենք անցկացնում ենք ամսական քննություններ՝ անցողիկ բարձր շեմով։ Շեմը չհաղթահարելու դեպքում ուսանողը լքում է խումբը։

Ընթերցանություն

Ընթերցանության սեսիաների ընթացքում ուսանողները չորս ժամվա համար ստանում են ընթերցանության նյութը և սկսում կարդալ։ Ընթացքը կատարվում է հնարավորինս անաղմուկ, որպեսզի հարցերի դեպքում պրակտիկայի ղեկավարը կարողանա աջակցել ուսանողներին՝ չխանգարելով մյուսներին։ Բացառիկ դեպքերում, ըստ խիստ անհրաժեշտության, պրակտիկայի ղեկավարը կարող է ընդհանուր հայտարարություն կամ մեջբերում անել, որն անհրաժեշտ կամ կարևոր ինֆորմացիա է բոլոր ուսանողների համար։ Ուսանողներն ազատ են ըստ անհրաժեշտության դուրս գալ լսարանից թարմանալու համար՝ անաղմուկ և չխանգարելով դասընկերներին։ Ընթերցանության ավարտին հանձնարարվում է առցանց թեստ, որի հարցերը դուրս են բերվում ընթերցանության հանձնարարված նյութից։ Թեստը հաջողությամբ հաղթահարելու դեպքում ընթերցանության սեսիան համարվում է ավարտված։ Եթե ուսանողը պատրաստ է թեստին ավելի շուտ, քան ընթերցանության չորս ժամը լրանալը, ապա կարող է թեստը հանձնել մինչև պաշտոնական ավարտը։ Ընթերցանության սեսիայից չի խրախուսվում բացակայել, բայց բացառիկ դեպքերում ուսանողները կարող են նաև կատարել այն տնից։ Նման դեպքերում ևս ընթերցանությունը համարվում է հաջող ավարտված, եթե ուսանողները հանձնում են թեստը։ Թեստն առցանց է, հետևաբար հանձնելու համար պարտադիր չէ գտնվել գրասենյակում։

Կարևոր է հիշել, որ թե՛ գործնական աշխատանքներին, թե՛ ընթերցանությանը կարող են մնալ անպատասխան կամ թերի յուրացված հարցեր։ Հարցերի պատասխանները ոչ միշտ է, որ անմիջապես տրվում է ուսանողներին։ Որոշ դեպքերում, ըստ դասախոսի կամ պրակտիկայի ղեկավարի որոշման, հարցերը մնում են բաց քննարկման կամ ուսանողներին հորդորվում է շարունակել մտածել/պրպտել հարցերի պատասխանները դուրս բերելու համար։ Սա երբեմն կազմակերպվում է դիտավորյալ, որպեսզի ուսանողների մոտ զարգանա ինքնուրույնությունն ու պրպտելու հմտությունները։ Հաջորդ լեկցիային ընդառաջ, այսպես թե այնպես, կազմակերպվում է հարց-պատասխանի կարճ կամ երկար սեսիա, որի ընթացքում անպատասխան հարցերը ծածկվում են և ուսանողները համեմատականներ են տանում իրենց դուրս բերած պատասխանները դասախոսի կամ պրակտիկայի ղեկավարի վերջնական բացատրությունների հետ։ Կան նաև հարցեր, որոնց ամբողջական պատասխանը ուսանողները ստանում են ոչ թե մեկ-երկու օրվա կտրվածքով, այլ մի քանի լեկցիաներ անց։ Նման հարցերը շարունակական քննարկվում և պարզաբանվում են մեծ և ամբողջական թեման յուրացնելու ընթացքում։ Ուսանողներին կարևոր է պատկերացնել, որ մեծ հարցերի պատասխաններն անհրաժեշտ է յուրացնել մաս-մաս, առանց շտապողականության։ Սա կրթական անձնակազմի հարուստ փորձի ու դասավանդման հմտությունների կիրառության արդյունք է, իսկ ուսանողներին մնում է միայն անվերապահորեն վստահել Ակադեմիայի կրթական անձնակազմին և ընտրված մոտեցումներին։

Նյութի ամրապնդում

Այս օրերը սահմանված են նյութի ամրապնդմանն ուղղված ավելի մեծ առաջադրանքի կատարման համար։ Որոշ դեպքերում, ըստ պրակտիկայի ղեկավարի՝ նյութի ամրապնդման օրը կարող է անցկացվել ընթերցանության կրկնություն կամ լրացուցիչ նյութի ընթերցանություն։ Մոտեցումները կամ կազմակերպվող միջոցառումները մեծամասամբ կախված են անմիջապես թեմայից։ Օրինակ՝ համակարգչային ճարտարապետության դասերի ընթացքում նյութի ամրապնդումը կարող է ենթադրել լրացուցիչ ընթերցանություն, իսկ C լեզվի դասերի ընթացքում՝ համեմատաբար մեծ նախագծի իրականացումը։ Նյութի ամրապնդումը փակում է կոնկրետ թեմայի շուրջ լեկցիայով սկսած ցիկլը և հնարավորություն է տալիս ծածկել բաց հարցերը, ամրապնդել լեկցիայի թեման, ավելի հմտանալ գործնական խնդիրները լուծելու հարցում՝ մինչև հաջորդ թեմային անցնելը։ Նյութի ամրապնդման օրվանից հետո սկսվում է նոր ցիկլը՝ լեկցիա, ընթերցանություն, գործնական աշխատանք, նյութի ամրապնդման օր հերթականությամբ։ Այսպես մինչև Atlas-ի ամբողջական ծրագրի ավարտը։

Միջանկյալ թեստավորումներ

Atlas ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր երկրորդ շաբաթվա նյութի ամրապնդման օրը փոխարինվում է միջանկյալ թեստավորմամբ։ Այս թեստը չունի անցողիկ միավորի շեմ և նպատակաուղղված է ուսանողների գիտելիքների ինքնաստուգման, ինչպես նաև կրթական անձնակազմի համար՝ ավելի հստակ պատկերացում կազմելու, թե ինչ հարցեր են բաց մնացել և որ ուսանողների մոտ կան թերացումներ կամ առաջադիմության անկում։ Բացառիկ սցենարները, երբ ուսանողները միջանկյալ թեստից հավաքում են շատ ցածր միավոր, կազմակերպվում է անհատական հանդիպում ուսանողի հետ։ Հանդիպման ընթացքում կրթական անձնակազմը փորձում է դուրս բերել պատճառները կամ ըստ անհրաժեշտության՝ մատնանշել ուսանողին, թե որքան կարևոր է չբացակայել ու առանց շեղվելու կատարել առաջադրանքները։ Մենք երբեմն հանդիպում ենք եզակի ուսանողների մոտ ոչ նպատակասլաց տրամադրվածություն, հաճախակի բացակայություններ կամ ընթերցանության և գործնական աշխատանքների ոչ պատշաճ կատարում։ Նման դեպքերում հնարավորինս հիմնավորված նշվում է բոլոր հետևանքները, որոնց կբախվի ուսանողը նույն տեմպով շարունակելու դեպքում։ Կարևոր է հիշել, որ կատարելով ընտրություն և ընդունվելով Ակադեմիա՝ անհրաժեշտ է կենտրոնանալ ուսման վրա և ներդնել անհրաժեշտ ժամանակը՝ նպատակին հասնելու համար։ Եթե ուսանողը չի գիտակցում կարևորությունն ու խստությունը, ինչը պատահում է, երբ ոլորտի մասին ունենում են սխալ պատկերացումներ կամ ծրագրավորման ուսումը ընտրում են միայն՝ շուկայում արծարծվող և շահարկվող բարձր աշխատավարձը ստանալու համար։

Քննություններ

Ուսման յուրաքանչյուր 30-րդ օրը կազմակերպվում է քննություն՝ անցողիկ բարձր շեմով։ Քննության անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում ուսանողը լքում է խումբը։ Անցողիկ շեմը բարձր է, որովհետև Ակադեմիան հավատարիմ է իր արժեքներին և բացառում է կեղծ կրթությունը։ Մեզ համար կարևորագույն է թեմայի ամբողջական յուրացումը՝ առանց բացթողումների։ Ակադեմիայում գերազանց արդյունքը համարվում է բավարար արդյունք։ Շրջանավարտներն ավարտելով Ակադեմիան և մուտք գործելով ոլորտ՝ ներկայացնում են խորը հիմունքային կրթություն ստացած, գործնական հմտություններով հարուստ սկսնակ մասնագետներ, որոնք շատ դեպքերում չեն զիջում ոլորտում աշխատող նույնիսկ փորձառու ծրագրավորողներին։ Նման արդյունքի հասնում ենք միայն հետևողական, խիստ և ամբողջական կրթության արդյունքում։

Կարևոր է նաև հիշել, որ քննությունից հետո կա նաև վերաքննության մեկ հնարավորություն։ Վերաքննության անցողիկ շեմը սովորաբար ավելի բարձր է լինում քան առաջին քննության շեմը։ Վերաքննությունը կազմակերպվում է առաջին քննությունից 2-5 օր անց։ Եթե ուսանողը չի հաղթահարել քննության և վերաքննության անցողիկ շեմը, ապա լքում է խումբը, բայց ըստ ցանկության կարող է միանալ ցածր խմբի, որտեղ իր կողմից բաց թողնված թեման կամ թեմայի բացերը կարող է լրացնել՝ կրկին մասնակցելով դասընթացի նույն կտորին։ Մեզ համար կարևոր է, որ ուսանողը ոչ թե արհեստական սահմանված ժամկետներով ավարտի ինչ-որ դասընթաց կամ դրա կտորը, այլ ամբողջությամբ յուրացնի նյութը, նույնիսկ եթե դա պահանջում է մի քանի անգամ կրկնել նույն կտորը։

Միջոցառումներ

Բացի դասերից, կազմակերպվում են նաև հետաքրքիր միջոցառումներ, ինչպես օրինակ՝ այցեր ՏՏ ընկերություններ, ոլորտի առաջատարների ելույթներ, ինտերակտիվ կամ թեմատիկ այլ միջոցառումներ։ Միջոցառումների համար յուրաքանչյուր ամիս առանձնացվում է մեկ օր։ Այդ օրը ուսանողներն ազատ են դասերից և մասնակցում են միջոցառմանը։ Երբեմն միջոցառումները նաև լուսաբանվում են և ուսանողներն ըստ ցանկության կարող են մասնակցել տեսանյութերի ստեղծմանը՝ պատմելով իրենց տպավորություններն ու փորձառությունը։

Մրցույթներ

Միջինում երկու ամիսը մեկ անգամ կազմակերպվում է մրցույթ։ Մրցույթները զանազան են. վիկտորինաներ, կոդավորման մարաթոններ, փոքր օլիմպիադաներ, հաքաթոններ և այլն։ Մրցույթները կազմակերպվում են ոչ միայն յուրաքանչյուր խմբի համար, այլև խմբերի միջև։ Այս կերպ ուսանողների մոտ նաև ձևավորվում է թիմային ոգի և Ակադեմիայի ներքին մշակույթի հանդեպ ավելի հետևողական մոտեցում։ Ակադեմիայի յուրահատուկ մշակույթը հիմնված է փոխադարձ հարգանքի, նպատակասլացության, միմյանց օգնելու, թիմային աշխատանքի վրա։ Թե՛ ուսանողները, թե՛ Ակադեմիայի անձնակազմը աշխատում են որպես մեկ մեծ թիմ։

ամփոփում

Atlas-ի արդյունքները

Atlas-ում արդեն իսկ երկրորդ ամսում ուսանողները տիրապետում են այնպիսի հիմունքային թեմաների, ինչպես համակարգչային ճարտարապետությունը, ունեն գործնական հմտություններ Linux միջավայրում աշխատելու համար, ինչպես նաև հմտացել են C ծրագրավորման լեզվի հիմունքների մեջ։ 13 հիմունքային ուսման ամիսներից դեռևս 2-րդ ամսում Atlas-ի ուսանողներն արդեն չեն զիջում ոլորտի փորձառու աշխատողներին՝ հիմունքային թեմաների իրենց խորքային իմացությամբ։ Սա բացառիկ և եզակի է ամբողջ Հայաստանում։ Atlas-ի յուրահատուկ կրթական մոդելն ու ներդաշնակ ծրագիրը հնարավորություն են տալիս ճիշտ հերթականությամբ ուսումնասիրել ոչ միայն Computer Science-ի հիմունքային կարևորություն ունեցող բաժինները, այլև ձեռք բերել գործնական այնպիսի հմտություններ, որոնք այլապես ձեռք կբերեին մի քանի տարի աշխատելու միջոցով։ Այսպիսով, ներդնելով անհրաժեշտ ժամանակ, նպատակասլաց մոտեցումով և մեծ ձգտումով ուսանողները 13 ամիս անց պատրաստ են աշխատել լավագույն ընկերություններում, իսկ եթե ըստ ցանկության նաև մասնագիտանան ևս 5 ամիս տևող մասնագիտացման դասընթացներում, ապա կկարողանան միանգամից փորձնակի հաստիքից անցում կատարել կրտսեր ծրագրավորողի հաստիքի, ընդ որում՝ չզիջելով, երբեմն նույնիսկ գերազանցելով ոլորտում աշխատող փորձառուներին։ Մեր շրջանավարտները ոչ միայն տիրապետում մեկից ավելի ծրագրավորման լեզուների, այլև հմտացել են կոդի ներկայացման ցածր մակարդակի դետալների, ծրագրային ապահովման կառուցման մոտեցումների, էֆեկտիվ կոդ գրելու հնարքների մեջ։ Ակադեմիայի խիստ հետևողականության շնորհիվ ուսանողների մոտ նաև ձևավորվում է եռանդ և աշխատասիրություն, որը ծառայում է երկար տարիներ՝ արդեն կարիերան ձևավորելիս։

Picsart Academy-ն և մասնավորապես՝ Atlas մոդելն ու ծրագիրը, բացառիկ է կրթական աշխարհում, քանի որ հնարավորություն է տալիս փոխարինել մի քանի տարի տևող համալսարանական կրթությունը կամ լրացնել շատ ավելի կարճ տևող մասնավոր կրթական կենտրոնների բոլոր բացերը։ Մենք կենտրոնանում ենք հիմունքային կրթության վրա, մեզ համար կենտրոնական է Computer Science-ը, մենք ահռելի մեծ ներդրում ենք անում ուսանողի գործնական հմտությունների վրա՝ միաժամանակ աշխատելով նրանց նախագծողական և ստեղծարարական մտածելակերպի վրա։ Այս ամենին ավելանում է նաև արդար և անկեղծ մոտեցումը, ըստ որի՝ լավագույն մասնագետը ոչ թե բավարար միավորներ ստացած և արհեստական ժամկետներում ավարտած ուսանողն է, այլ բոլոր դասընթացները գերազանց ավարտած սուպերծրագրավորողը։ Այս է պատճառը, որ մենք անվանում ենք Picsart Academy-ն նոր սերնդի համալսարան։